Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն․ դեսպան

Դեսպանը ՀՀ քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես խուսափել Լիբանան այցելությունից, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Լիբանանում իսրայելական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը։
Նրա խոսքով՝ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, ուստի ներկայում տարհանում կազմակերպելու կարիք չկա։
«Բեյրութում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, ինչպես նաև համայնքային կառույցների հետ (ըստ անհրաժեշտության)՝ ՀՀ քաղաքացիների խնդիրներնիր իրավասությունների շրջանակում պատշաճ հասցեագրման նպատակով»,- ասել է ՀՀ դեսպանը։
Լիբանանում ՀՀ դեսպանությունը, դեսպան Աթաբեկյանի խոսքով, աշխատում է արտակարգ ռեժիմի պայմաններում` ամբողջ ծանրաբեռնվածությամբ։ Եթե դեսպանություն դիմած ՀՀ այն քաղաքացիների անձնագիրը վավեր չէ, վերադարձի վկայական տրվում է անվճար։
Դեսպանը հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Լիբանան այցելելություններից, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա։
Իսրայելական ավիացիան առաջին անգամ հարձակվել է Բեյրութում գտնվող շենքի վրա. ականատես
Հիշեցնենք` իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։