ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի և Թուրքիայի համար։ Հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Andolu գործակալությանը տված հարցազրույցում։
Ըստ Կոստանյանի` երկաթգիծը տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլ նաև տարածաշրջանին։
«Մենք գիտենք, որ լոգիստիկ շղթաներից շատերը ներկայումս արգելափակված են կամ պատշաճ չեն գործում, և Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար՝ դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան»,- ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Նյու Յորքում կայացած հանդիպմանը, փոխնախարարը նշել է, որ հայկական կողմն ուրախ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայով։
«Մենք հավատում ենք, որ շատ ավելին կարելի է անել՝ հատկապես, երբ խոսքը հարաբերությունների լիարժեք կարգավորման, սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է»,–ասել է Վահան Կոստանյանը:
ԱԳ փոխնախարարը հիշեցրել է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության մասին, որը ձեռք էր բերվել 2022 թվականի հուլիսին Վիեննայում:
«Մենք ևս մեկ անգամ վերահաստատել ենք, որ հայկական կողմը պատրաստ է: Մենք կատարել ենք անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքային և տեխնիկական նախապատրաստական աշխատանքները, և մենք պատրաստ ենք անցնել պայմանավորվածության իրականացմանը»,- ասել է փոխնախարարը:
Նա կրկնել է հայկական կողմի ուղերձը, որ գործելու ժամանակը հիմա է:
Հիշեցնենք` 2021 թվականի վերջից Երևանն ու Անկարան սկսել են բանակցություններ հարաբերությունների կարգավորման շուրջ՝ նշանակելով հատուկ ներկայացուցիչներ։
2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս մնում է չլուծված։
Դիվանագետներն արդեն մի քանի հանդիպում են ունեցել, որոնցից վերջինը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին: