ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ-ին Լիբանանում ցամաքային ռազմական գործողություն սկսելու հնարավորության մասին: Այս մասին գրում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։
Լրատվամիջոցի տվյալներով՝ գործողությունը սահմանափակ բնույթ կկրի և չի հասնի այն մասշտաբին, որոնք Իսրայելը ձեռնարկել էր «Հզբոլլահի» դեմ 2006 թվականին: Հիմնական նպատակը կլինի սահմանի երկայնքով հաղորդակցային ենթակառուցվածքների ոչնչացումը՝ Իսրայելի սահմանամերձ շրջանների բնակչության համար սպառնալիքը նվազեցնելու նպատակով:
Ավելի վաղ թե The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ներխուժումը կարող է սկսվել արդեն այս շաբաթ, սակայն հնարավոր ռազմական գործողությունների ժամկետները կարող են փոխվել: Ընդ որում, ԱՄՆ-ն, իբր, ուժեղ ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ զգուշացնելով նրան զերծ մնալ լայնածավալ գործողություն իրականացնելուց։
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև հակամարտության սրացումը սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում կապի սարքերի մի շարք պայթյուններից հետո: Շիա շարժումը միջադեպերի համար մեղադրել Է Իսրայելին, թեև հրեական պետության իշխանությունները պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել՝ հայտարարելով միայն հյուսիսային սահմանին ակտիվության ուժեղացման մասին:
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Լիբանանում «Հզբոլլահի» ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված հարվածներից մեկի ժամանակ սպանվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան: