Գարեգին Բ–ն նորօրհնյալ մյուռոնը բաշխել է Հայ առաքելական եկեղեցու թեմերին

Տիրոջ պատգամների իրագործումով հայ ժողովուրդը պիտի գտնի իր վերելքի ուղիները՝ ամոքելով վերքերը և ընթանալով դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ անցկացվել է նորօրհնյալ մյուռոնի բաշխման արարողություն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Կաթողիկոսը սուրբ մյուռոնով լի անոթները փոխանցել է Կոստանդնուպոլսի պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, Մեծի Տանն Կիրլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցչներին և արարողությանը մասնակից թեմակալ առաջնորդներին:
Արարողությունն ամփոփվել է վեհափառի օրհնությամբ ու պատգամով:
«Մեր հույսն ու հավատքը առկա փորձությունների մեջ պիտի ջանանք զորացնել, վառ պահել ու ամուր պահպանել, որպեսզի մեր կյանքում առատացնենք Աստծո օրհնությունները»,- պատգամել է ամենայն հայոց կաթողիկոսը։
Նա հավելել է, որ Տիրոջ պատգամների իրագործումով մեր ժողովուրդը պիտի գտնի իր վերելքի ուղիները՝ ամոքելով վերքերը և ընթանալով դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ։
Հիշեցնենք` Էջմիածնի Մայր տաճարում «Դրոշմ ինքնության» կարգախոսի ներքո սեպտեմբերի 28–ին կատարվեց Մյուռոնօրհնեքը։
Ով օծված է մյուռոնով, չի կարող հրաժարվել իր պատմությունից. վեհափառը համախմբման կոչ է անում
Մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այդ ժանակացույցը կարող է նաև խախտվել:
Հավելենք, որ շուրջ 130 տարի է, ինչ Մայր աթոռում մյուռոնի համար գործածվում է արծաթե մի կաթսա, որը 1895 թվականի հունվարի 1-ին սուրբ Էջմիածնին է նվիրաբերել նորնախիջևանցի վաճառական աղա Գասպար Հարությունյանը։ Առաջին անգամ այս կաթսայում սրբալույս մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը 1897 թվականի սեպտեմբերի 14-ին։