Երևանում կառուցապատողն ավելի քան 246 միլիոն դրամի հարկ է թաքցրել

Դավթաշեն 2-րդ թաղամասում գտնվող նորակառույց շենքի կառուցապատողը պետությանը վերականգնել է պատճառված վնասից 100 միլիոն դրամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Երևանում բազմաբնակարան շենքի կառուցապատող ընկերությունն ավելի քան 246 միլիոն ՀՀ դրամի հարկ է թաքցրել։ Տեղեկությու հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կառուցապատողը 2020 թ․-ին Երևան քաղաքի համայնքի կողմից ստացել է շինթույլտվություն` Դավթաշեն 2-րդ թաղամասում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար: 2024 թվականի հունվարի 22-ին ընկերությանը տրամադրվել է ավարտական ակտը: Ապրիլի 18-ի դրությամբ իրականացվել է 14 բնակարանի սեփականության իրավունքի գրանցում՝ ընդհանուր 202.565.000 ՀՀ դրամ արժեքով։
«2024 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների համար նշված ընկերության կողմից ներկայացվել են ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ, որոնցում թաքցվել են հարկման օբյեկտները, մասնավորապես` չեն արտացոլվել ընկերության կողմից ապրանքների մատակարարման՝ անշարժ գույքերի սեփականության իրավունքների գրանցման արդյունքում առաջացած ԱԱՀ-ով հարկման բազաները։ Արդյունքում՝ պետությանը պատճառվել է 246.661 988 ՀՀ դրամի վնաս»,- հայտնում են ՔԿ-ից:
Ընկերությունը պետբյուջե է վճարել պատճառված վնասից 100 միլիոն դրամը։
Նախաքննությունը շարունակվում է։