Երևանում բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը

Հուշարձանին ի պահ է տրված Դեր Զորի անապատի զոհերի մասունք, որ բերվել է Անթիլիասից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր տեղի է ունեցել Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակի բացման արարողությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում: Տեղեկությունը հայտնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։
Հուշակոթող-քանդակը հարգանքի տուրք է նաև1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած 1.5 միլիոն սրբադասված նահատակներին:
«Հուշարձանին ի պահ է տրված Ավրորա Մարդիգանյանի՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող ընդհանուր գերեզմանից վերցված հող և Դեր Զորի անապատի զոհերի մասունք՝ բերված Լիբանանի Անթիլիաս քաղաքից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավրորա Մարդիգանյանը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայ աղջիկ էր, որի ընտանիքն Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածակ գյուղից էր։
2016 թվականին ստեղծվել է «Ավրորա» մարդասիրական մրցանակը` ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի։