ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Արտաքին գործերի հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ԵՄ երկրներին թույլատրել Ուկրաինային արևմտյան զենք կիրառել` ՌԴ տարածքում գտնվող արձակման հարթակներին և օդանավակայաններին հարված հասցնելու համար։ Այս մասին նա գրել է իր ամենշաբաթյա բլոգում։
«Կրկին ընդգծեմ, որ Ուկրաինային անհրաժեշտ է թույլատրել հարվածներ հասցնել ՌԴ օդանավակայաններին և արձակման հարթակներին արևմտյան զենքի օգնությամբ։ Թող Ուկրաինան խոցի նետաձիգներին, այլ ոչ միայն նետերը», – նշել է Բորելը։
Նա խոստովանել է, որ ԵՄ ոչ բոլոր երկրներն են համաձայն այս առաջարկի հետ, սակայն հավելել է. «Մենք խոստացել ենք սատարել Ուկրաինային այնքան, որքան հարկավոր է, և էներգետիկ ճակատն այս ձմռանն առանցքային կդառնա»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էրր քննարկել միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության թարմացման հարցը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել, եթե հակառակորդը կրիտիկական սպառնալիք է ստեղծում ինքնիշխանության համար, նույնիսկ սովորական սպառազինություն օգտագործելով: Պուտինը հավելել է, որ ոչ միջուկային պետության ագրեսիան, եթե այն տեղի է ունենում միջուկային պետության մասնակցությամբ, պետք է դիտարկել որպես համատեղ հարձակում ՌԴ-ի վրա:
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ նման որոշումները կայացվում են Ուկրաինայի հակամարտությունում Արևմուտքի ներգրավվածության աճի և «Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու» մասին Կիևի «անիրատեսական» հայտարարությունների պատճառով: