Արևմուտքն Իրանին հրադադար էր խոստացել Հանիայի սպանությանը չպատասխանելու դիմաց. Փեզեշքիան

Վաշինգտոնի և Բրյուսելի կեղծ խոստումները, Իրանի նախագահի խոսքով, Իսրայելին նոր հանցագործությունների հնարավորություն են տալիս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանին հրադադար էին խոստացել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությանը չարձագանքելու դիմաց: Այս մասին սեպտեմբերի 29–ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ղեկավարների հայտարարությունները, որոնք հրադադար էին խոստացել շահիդ Հանիայի սպանությանը Իրանի արձագանքի բացակայության դիմաց, ամբողջովին կեղծ էին։ Նման հանցագործներին հնարավորություն տալը միայն նոր հանցագործությունների կդրդի նրանց»,-ասել է Փեզեշքիանը:
Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ Իսրայելի հանցագործություններն անպատասխան չեն մնա: Մյուս կողմից, պատմական փորձը ցույց է տալիս, որ ազատության շարժումները չեն անհետանում անհատների սպանությունից հետո։
Նա քննադատել է արևմտյան լրատվամիջոցների պահվածքը` նշելով, որ նրանք աչք են փակում Իսրայելի հանցագործությունների վրա:
Փեզեշքիանը նաև նշել է, որ «Հզբոլլահը» չպետք է մենակ մնա Իսրայելի դեմ պատերազմում, և ընդգծել է, որ արաբական և իսլամական երկրները պատասխանատվություն ունեն «սիոնիստական ռեժիմի դաժանության» հանդիման:
Հիշեցնենք` հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը: Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա:
Սեպտեմբերի 27–ին Բեյրութի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով զոհվեց «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: Ավիահարվածը հասցվել է «Հզբոլլահի» ղեկավարության խորհրդակցության ժամանակ։