ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետ Իրանի սահմանը կհատեն պարզեցված եղանակով։ Սեպտեմբերի 28-ին առաջին մեքենաներն արդեն անցել են նոր մեխանիզմով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
Նշենք, որ համապատասխան համաձայնագիրը երկու երկրների միջև կնքվել է օգոստոսին։
Այսպիսով` հայկական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կստանան Carnet de Passage (CPD) փաստաթուղթը (մաքսային տարանցման փաստաթուղթ), որը կպարզեցնի մաքսային գործընթացները և հնարավորություն կտա նրանց ճամփորդել Իրան հայկական ավտոմեքենաներով։
«Սա լրացուցիչ խթան կդառնա երկու կողմի միջև տնտեսական կապերի ու զբոսաշրջային ոլորտի զարգացման համար»,– ասել է Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։
Շուտով Սյունիքում կգործի գրասենյակ, որտեղ ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը։ Այսպիսով կրճատվում են մաքսային ընթացակարգերն ու արագանում է անդրսահմանային ճանապարհորդության գործընթացը։