«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում ոչ միայն հակահայկական էր, այլև ուներ ակնհայտ հակառուսական ուղղվածություն».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում Փաշինյանի ելույթը ոչ միայն անատամ էր, այլև՝ տրամաբանությունից զուրկ։
«Հայաստանի ղեկավարը ՄԱԿ-ում փայլեց տարածաշրջանային խնդիրները վերլուծելու իր անկարողությամբ։ Նա նախ հանդես եկավ Ադրբեջանի փաստաբանի դերում և նշեց, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինչը բացահայտ սուտ է, քանի որ Ադրբեջանն այսօր էլ օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի առնվազն 240 ք.կմ-ը։ Ավելին, Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում նահանջել Հայաստանի օկուպացված տարածքներից»։
Շարմազանովը հիշեցնում է, որ հենց Փաշինյանն է ստորագրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային ուղիների վերահսկողությունը ՌԴ համապատասխան ծառայություններին փոխանցելու մասին հայտարարության 9-րդ կետը։
«Փաշինյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին, նշում է, որ այն կարող է դառնալ «միջին միջանցքի» մաս։ Փաստորեն Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից մերժում է Հյուսիս-Հարավ ծրագիրը և իր պատրաստակամությունն է հայտնում մաս կազմել «միջին միջանցք» հակահայկական ու հակառուսական նախագծին»․-արձանագրում է ՀՀԿ-ի Գործադիր մարմնի անդամը։