ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Պատմական անբեկանելի ճշմարտություն է` մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանն ու հայ կյանքը պարպել ազգային և հոգևոր բովանդակությունից։ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողության ժամանակ հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմքերը անկախ ու ինքիշխան կյանքի, որի ջատագովն է հայոց եկեղեցին։ Սուրբ Էջմիածնի հանդեպ աշխարհասփյուռ հայության որդիական ջերմ սիրով ու նախանձախնդրությամբ է ամուր մեր հայրենիքը, զորեղ և անկոտրում մեր ժողովրդի միաբանությունը։ Արարատահայաց Սուրբ Էջմիածինը պաբերաբար վերանորոգվել ու վերակառուցվել է, որպեսզի այն դարեդար առաջնորդի հայ ժողովրդին փրկության ճանապարհով, հարատև մնա անխախտ վեմը մեր մշտավառ հավատքի և հոյակերտ վկան քրիստոնյա Հայաստանի»,– ընդգծեց նա։
Վեհափառն ավելացրեց, որ վերաօծյալ այս սրբավայրը մեր հավատքին նոր ամրություն է հաղորդելու, բազուկների՝ն զորություն, մտքերին՝ պայծառություն և սրտերին՝ լավատեսություն, որով պետք է դիմակայենք նորօրյա փորձություններն ու աղետաբեր վտանգները։
Նա կոչ արեց հույսով ու լավատեսությամբ լցվել մեր կյանքի վերելքին ու առաջընթացին` այն խարսխելով արդարության, ազնվության և ճշմարտության վրա։
«Ամեն օր մեզանում զորացնենք ազգանվիրում, եղբայրսիրության և համերաշխության ոգին։ Մերժենք մեզանից անտարբերությունը, անհանդուրժողականությունն ու քինախնդրությունը։ Զերծ պահենք մեր պատմությունը կեղծիքներից ու խեղումներից»,– հայտարարեց Գարեգին 2–րդը։ Վեհափառը նաև նշեց, որ մեր երեխաներին պետք է կրթենք ազգային նկարագրով, մեր լուսամիտ հայրերի հավատքով ու քաջարի ոգով, որ մեր ապագան լինի հաղթական։
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու և Նիկոլ Փաշինյանի իշխանության միջև առկա տարաձայնությունների մասին սկսեցին խոսել 2018 թվականից` նրա իշխանության գալուց անմիջապես հետո: Այս ընթացքում անգամ քաղաքացիական շարժում սկսվեց Գարեգին 2–րդի դեմ։ 2020 թ. 44–օրյա պատերազմից հետո հարաբերություններն ավելի սրվեցին, երբ եկեղեցին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։