Լիբանանում Իսրայելի հարձակումների պատճառով Իրանը կոչ է արել շտապ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ հրավիրել

Լիբանանի տարածքում ցամաքային գործողության նախապատրաստման մասին իսրայելցի զինվորականների հայտարարությունների ֆոնին աճում է լարվածությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Լիբանանում Իսրայելի հարձակումների պատճառով Իրանը կոչ է արել կազմակերպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ, ասվում է Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենավճռական կերպով դատապարտում է ագրեսիայի այդ վախկոտ գործողությունները։ Հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար լուրջ հետևանքները՝ Իրանն Անվտանգության խորհրդին կոչ է անում ամենավճռական ձևով դատապարտել Իսրայելի գործողությունները, ինչպես նաև հրավիրել արտակարգ նիստ՝ քննարկելու Իսրայելի ահաբեկչական ագրեսիան և Լիբանանում ու ամբողջ տարածաշրջանում իսրայելական ռազմատենչ ռեժիմի կողմից շարունակաբար իրականացվող վայրագությունները», - ասված է մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ:
«Հզբոլլահը» հաստատել է իր առաջնորդի` Հասան Նասրալլայի զոհվելու լուրը
Սեպտեմբերի 23-ին Իսրայելի բանակի գլխավոր շտաբը Լիբանանում սկսված հարձակողական գործողությանը տվել է «Հյուսիսի նետեր» անվանումը: Անցած շաբաթվանից Իսրայելի օդուժը Լիբանանի տարբեր շրջաններում զանգվածային հարվածներ է իրականացնում «Հզբոլլահի» օբյեկտների ուղղությամբ: Արձանագրվել են նաև Բեյրութի ուղղությամբ մի քանի թիրախային ավիահարվածներ, որոնց արդյունքում ոչնչացվել են «Հզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարները, ինչպես նաև շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալան: Այս պահի դրությամբ Իսրայելի բանակը զեկուցել է «Հզբոլլահի» մի քանի հազար թիրախների ուղղությամբ հարվածների մասին։ Դիտորդները նշում են, որ «Հըզբոլլահի» վրա Իսրայելի՝ նման ինտենսիվությամբ հարձակում չի արձանագրվել 2006 թվականի լիբանանյան երկրորդ պատերազմից ի վեր:
Լիբանանում վերջին 12 օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել, ավելի քան 6,3 հազարը՝ վիրավորվել։
Լիբանանի հարավում ավելի քան 90 հազար մարդ արդեն ստիպված է եղել լքել իրենց տները, հետևում է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցից:
«Հզբոլլահը» հրթիռակոծություններով պատասխանում է առավելապես Իսրայելի հյուսիսում, սակայն վերջին օրերին հրթիռային հարձակումների հեռահարությունը զգալիորեն ավելացել է: Ամեն օր տասնյակ համազարկեր են գրանցվում իսրայելական բնակավայրերի, այդ թվում՝ բնակելի շենքերի ուղղությամբ՝ հանգեցնելով ավերածությունների և մարդկային զոհերի։ Մասնավորապես, արձանագրվել է հրթիռի արձակում Թել Ավիվի թաղամասերից մեկի ուղղությամբ, որը խոցվել է ՀՕՊ միջոցներով։
2006 թվականի իսրայելա-լիբանանյան պատերազմի արդյունքներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 1701 բանաձևը, որը նախատեսում էր աջակցություն Լիբանանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, իսրայելական զորքերի միաժամանակյա դուրսբերում Հարավային Լիբանանից և այնտեղ ուժերի տեղակայում Լիբանանի կառավարության և ՄԱԿ-ի կողմից: Ըստ այդ բանաձևի՝ Լիտանի գետից հարավ արգելվում է ցանկացած ռազմականացված կազմավորումների, բացառությամբ լիբանանյան բանակի կամ ՄԱԿ-ի ուժերի ներկայությունը։ Այնուամենայնիվ, այս 18 տարիների ընթացքում «Հզբոլլահը» Լիբանանի հարավում վերականգնել է իր ենթակառուցվածքը և արդեն 11 ամիս է, որ ամեն օր գնդակոծում է Իսրայելի հյուսիսը:
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։