Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում 16–ամյա պատանին դանակահարել է համակուրսեցուն

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Կասկածյալը քոլեջի անվտանգության աշխատակցի հետ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում 16–ամյա պատանին դանակահարել է համակուրսեցուն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկություններ է ստացել սեպտեմբերի 27–ին՝ ժամը 12:30–ի սահմաններում։ «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած–ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի պատանի։
Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա մի տղա է, որը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջից։
Քոլեջում տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը ոստիկաններին ասել է, թե երեխան վազելիս է վնասվածք ստացել՝ պատահաբար դիպչելով սեղանի սուր ծայրին, մինչդեռ ոստիկանները պարզել են, որ քոլեջում տեղի է ունեցել դանակահարություն` 16–ամյա տղան դանակահարել է համակուրսեցուն։
Կասկածյալը քոլեջի անվտանգության աշխատակից Մարիամ Իսրայելյանի հետ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք էլ փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ Ինֆորմատիկայի պետական քոլեջում նմանատիպ դեպք այս տարվա ընթացքում էլի է եղել։ ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանին ծեծել և դանակահարել էին, ինչի արդյունքում տղան մահացել էր։ Ավելի ուշ դեպքի հանցանքի մեջ կասկածվող երիտասարդները հայտնաբերվել էին Սիսիանում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։