Փաշինյանն ու կինը Եռաբլուր են գնացել. տեսանյութ

Նա նշում է, որ նահատակները պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել հայ ազգի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այս մասին նա հայտնել է Telegram-ի իր ալիքում։
Նշենք, որ վերջիններս սեպտեմբերի 22-27-ը ներառյալ աշխատանքային այցով ԱՄՆ–ում էին` Նյու Յորք քաղաքում։ Փաշինյանը մասնակցում էր ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին»։
ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ծաղիկներ է խոնարհում զոհված զինծառայողների շիրիմների մոտ, խոնարհվում։
«Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ և ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ` անկախության առաջին օրերից ի վեր։ Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետևություններ անել, որը հեշտ չէ։ Ինձ համար հետևությունը մեկն է. մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք` թվում է անդառնալիորեն»,– գրել է վարչապետը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 07։10-ին ադրբեջանական ԶՈւ–ն լայնածավալ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Բաքուն հարձակվել էր ավիացիայի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ԱԹՍ–ների կիրառմամբ։
Մարտական գործողությունները տևել են 44 օր։ Պաշտոնական տվյալներով՝ 44–օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից զոհվել է 3822 զինծառայող և 75 քաղաքացիական անձ։ Եվս 201 մարդ անհետ կորել է։ Նոյեմբերի 9–ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, ստորագրել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին հայտարարություն: Այն ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան յոթ շրջան (Ջաբրայիլ, Զանգելան, Կուբաթլի, Ֆիզուլի, Աղդամ, Քելբաջար և Լաչին), ինչպես նաև Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների մի շարք բնակավայրեր։
Երեք տարի անց` իննամսյա շրջափակման ֆոնին, տեղի ունեցավ Ադրբեջանի զինված ուժերի նոր հարձակում, և Լեռնային Ղարաբաղի մնացած բնակչությունը 2023 թվականի սեպտեմբերին ստիպված եղավ լքել իրենց տները։
Ադրբեջանն այժմ օկուպացրել է Արցախը, այն գրեթե ամբողջությամբ հայաթափված է, միայն մի քանի տասնյակ հայ կա։