Լավրովը «Հզբոլլահի» առաջնորդի մահը քաղաքական սպանություն է անվանել

Նասրալլան զոհվել է սեպտեմբերի 27–ին Բեյրութի հարավային արվարձանում իսրայելական ավիահարվածի հետևանքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի մահը քաղաքական սպանություն է անվանել՝ հայտարարելով, որ նման մեթոդներն անհանգստություն են առաջացնում:
«Ծայրահեղ տագնապ են առաջացնում գրեթե սովորական դարձած քաղաքական սպանությունների մեթոդները, ինչպես դա կրկին տեղի ունեցավ երեկ Բեյրութում», - ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում:
Հիշեցնենք` Նասրալլան սպանվել է սեպտեմբերի 27–ին Բեյրութի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։ Իսրայելի պաշտպանության բանակը, իսկ այնուհետև նաև «Հզբոլլահ» շարժման ներկայացուցիչները հաստատել էին «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահվան մասին տեղեկությունը:
Ավիահարվածը հասցվել է «Հզբոլլահի» ղեկավարության խորհրդակցության ժամանակ։ Ինչպես պնդում է Al Hadath հեռուստաալիքը, վկայակոչելով իսրայելական աղբյուրները, շիական կազմակերպության շտաբի վրա հարձակման ժամանակ հզոր ավիառումբեր են կիրառվել բունկերները խոցելու համար։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր և տասնյակ տուժածներ:
Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութին ճշգրիտ հարվածներ հասցնելու մասին