ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհի Քաջարան–Ագարակ հատվածի շինհրապարակ։ Տեղեկությունը նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նրա հետ եղել են նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ինչպես նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
«Նախարարին ներկայացվել է, որ առաջիկայում նախատեսված է սկսել թունելի փորման և կամուրջների կառուցման աշխատանքները։ Ճանապարհի մյուս հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Հաշվի առնելով շինարարության տեմպերի և ծավալների աճը` գրեթե կրկնակի ավելացել է շինհրապարակում առկա աշխատող տեխնիկաների քանակը` նախկին 80-ի փոխարեն դառնալով 150»,– գրել է Սանոսյանը։
Սանոսյանը նշել է, որ պետք է պատշաճ կերպով համագործակցել, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն, աշխատանքների տեմպն էլ ավելի մեծանա։
ՏԿԵ նախարարն այսօր եղել է նաև Մեղրու տրանսպորտային հանգույցում, որը, ըստ նախագծի, ունենալու է էստակադաներ։
Սանոսյանն իր ուղեկիցների հետ կանգառ են կատարել նաև Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում։
«Կապանից դեպի Տաթև տանող ճանապարհի ամենաբարդ համարվող այս հատվածի կառուցումը ունի կարևոր նշանակություն. այն կկրճատի ոլորանների թիվը` 16-ից հասցնելով 6-ի և կհեշտացնի ուղևորափոխադրումները, ավելի արագ ու հեշտ կկատարվեն բեռնափոխադրումները»,– գրել է նախարարը։
Նրա խոսքով` նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ, 2 շարքն արդեն իսկ տեղադրվել է, պետք է տեղադրվի նաև 3-րդ շերտը։ Կառուցապատման աշխատանքներն ընթացքի մեջ են: