ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik․ Սկսվել է Տաթևի ՀԷԿ-ի օրական կարգավորող ջրավազանի վերանորոգումը, որից «փախչող» ջուրը խոչընդոտում է Սյունիքի սահմանամերձ Որոտան գյուղ տանող ճանապարհի կառուցումը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
2023 թվականին գրել էինք, որ կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը կրկին ասֆալտապատվելու է, քանի որ ճանապարհի մի մասը վնասվել է սելավներից։ Հորդառատ անձրևների պատճառով Խոտ-Որոտան ճանապարհին հարակից սարի լանջի գրունտը գերխոնավացել է, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում։ ՏԿԵՆ-ից հայտնել էին, որ հիշյալ ճանապարհով հոսող ջրերը հիմնականում սկիզբ են առնում Տաթև ՀԷԿ-ի օրական կարգավորող ջրավազանից (ՕԿՋ), որը նախատեսված էր վերանորոգել 2023թվականին ՀԷԿ-ի կողմից։
2024 թվականի հունիսի վերջին հայտնի դարձավ, որ հորդառատ անձրևները վնասել են ճանապարհի մյուս հատվածը։
Նախարարությունից հայտնում են, որ 2022 թվականի առաջին խոշոր փլուզումից հետո վթարային վիճակում է հայտնվել նաև Որոտան գյուղի բնակիչների խմելու ջուրն ապահովող կապտաժը: Առաջացած խնդիրներն ուսումնասիրելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով 2023 թվականին ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ ներքին գործերի, շրջակա միջավայրի նախարարությունների, Սյունիքի մարզպետի աշխատակազմի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների աշխատակիցներ։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ փլուզման պատճառը Տաթևի ՀԷԿ-ի ՕԿՋ-ից դուրս եկող ջրերն են եղել։ Ուստի այժմ այն վերանորոգվում է, ինչից հետո կշարունակվի բուն ճանապարհի վերականգնումը՝ նոր նախագծային լուծումների կիրառմամբ:
Այս պահին ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է ճանապարհի 10.3 կմ-ից մոտ 7 կմ-ը (մինչև փլուզման վայր): Մյուս հատվածներում ընթանում են շինարարական աշխատանքներ։
Նշենք, որ ավելի վաղ նախատեսվում էր շինարարական աշխատանքներն ավարտվել 2023 թվականին:
Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհը վերակառուցելու անհրաժեշտություն առաջացավ, երբ Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան մայրուղու մի մասը (այն անցնում էր Որոտան գյուղով):