Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է խութերը վերացնել. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետը կարծում է, որ խնդիրները լուծելու համար նախ պետք է պարզել անպատասխան մնացած հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հետ հարաբերություններում կան խնդիրներ, բայց դրանք պետք է վերացնել։ Այս մասին Արցախյան 44–օրյա տարելիցի օրը Եռաբլուրում լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Կան պրոբլեմներ հարաբերություններում, և ոչ միայն Ռուսաստանի հետ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, մենք պետք է փորձենք հավասարակշռել և այդ բոլոր խութերը վերացնել, որովհետև իրավիճակն աշխարհում բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս, ըստ այդմ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները տրված չեն լիարժեք։ Եվ կարծում եմ, որ բացատրությունները պետք է ստանալ և ճիշտ որոշում կայացնել»,– ասաց Գրիգորյանը։
Վերջին շրջանում փորձագետները հայտնում են հայ–ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման մասին։ Մասնավորապես, Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով և դիվանագիտական նոտաներով։
«Ավելի տրամաբանական կլիներ նշել այդ երկրները»․ Զախարովան պատասխանել է Փաշինյանին
Այդ հարաբերություններում լրացուցիչ լարվածություն է մտցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե ՀԱՊԿ առնվազն 2 երկիր օգնել են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով Ադրբեջան կատարած այցի ընթացքում Բելառուսի նախագահի հնչեղ հայտարարությունները։ Լուկաշենկոն, դիմելով Ալիևին, մարտական գործողություններն անվանել էր «ազատագրական պատերազմ»: