Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լիբանանում և Սիրիայում

ՌԴ ԱԳ նախարարը ՄԱԿ–ում. Արխիվային լուսանկար
Նախարարները բանակցություններ են վարել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա սիրիացի գործընկեր Բասսամ Սաբագը քննարկել են իրավիճակը Լիբանանում և Սիրիայում, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Ռուսաստանի և Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մերձավորարևելյան տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը Գազայի հատվածում շարունակվող էսկալացիայի և Լիբանանում Իսրայելի զանգվածային ավիահարվածներին լույսի ներքո»,-նշել են գերատեսչությունում:
Բանակցությունները կայացել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի «լուսանցքներում»։ Սիրիայում իրադրության համատեքստում կողմերը ուշադրությունը կենտրոնացրել են համապարփակ կարգավորման վրա՝ հանրապետության ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի սկզբունքների խստիվ պահպանմամբ:
Նախարարները ռուս-սիրիական հռչակագիր են ստորագրել միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական հետևանքները մեղմելու և փոխհատուցելու ուղիների ու միջոցների մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ից սկսած՝ իսրայելական ավիացիան հարյուրավոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածներին, ինչպես նաև Բեքաա և Բաալբեկ շրջաններին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների զոհ Է դարձել առնվազն 654 մարդ, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ: Երկրի ներսում իսրայելական հարձակումների պատճառով տեղահանվածների թիվը գերազանցում է 500 հազարը: