ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքից վերադառնալու ժամանակ՝ ինքնաթիռում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Երբ մենք նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, դրանք բացասական չեն թվում: Նրանք ցանկանում են, որ Թուրքիան աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և ապահովի, որ նրանք խաղաղ ապրեն որպես հարևաններ որքան հնարավոր է շուտ: Մենք արդեն զբաղվում ենք դրանով և աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է Էրդողանը:
Էրդողանը հույս է հայտնել, որ աստիճանաբար կկարգավորվեն զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև, և երկու պետությունների միջև դժվարությունները հաղթահարելով՝ հնարավոր կլինի առաջ շարժվել։
Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը դռներ կբացի ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության համար և դրականորեն կազդի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վրա։
Նա հավելել է նաև, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հաջող ավարտն իր դրական ազդեցությունը կունենա նաև Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման վրա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, իսկ նրանց միջև սահմանը փակ է 1993 թվականից ՝ Անկարայի նախաձեռնությամբ: Դա կապված է Թուրքիայի կողմից արցախյան հարցում Ադրբեջանի դիրքորոշման աջակցության և 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Անկարայի կտրուկ արձագանքի հետ:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին Մոսկվայում։ Բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են կառուցողական երկխոսության ուղղությամբ քայլերը, շարունակվել են Վիեննայում: