Եթե պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, կարիք կլինի Սահմանադրությունը փոխել. Փաշինյան

ՀՀ վարչապետը ՄԱԿ–ի ամբիոնից հայտարարեց, որ հակառակը` Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Եթե խաղաղության պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, անհրաժեշտություն կլինի սահմանադրական փոփոխություններ անել խաղաղության հասնելու համար։ Այս մասին ՄԱԿ-ի գագաթնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ գործող ՀՀ սահմանադրությունը չի պարունակում տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ինչպես պնդում է Ադրբեջանը ու դա հայկական կողմը կարող է գրավոր հիմնավորումներով ապացուցել բոլոր միջազգային գործընկերներին։
ՀՀ վարչապետը ՄԱԿ–ի ամբիոնից հայտարարեց, որ հակառակը` Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում ՀՀ նկատմամբ ու վստահեցրեց, որ դրա մասին էլ կարող է գրավոր հիմնավորումներ ներկայացնել։
«Բայց ուշադրություն դարձրեք` ՀՀ–ն Ադրբեջանի սահմանադրությունը չի համարում խաղաղության պայմանագրի խոչընդոտ, այն պարզ պատճառով, որ պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձևակերպում, որը լուծում է այդ խնդիրը։ Ձևակերպումը հետևյալն է` կողմերից ոչ մեկ չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները, որպես հիմնավորում սույն համաձայնագրի չկատարման համար»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ պայմանագրի ստորագրումը կհասցեագրի թե Հայաստանի, թե Ադրբեջանի մտավախությունները և իրավական երաշխիքներ կստեղծի դրանց հիմնարար հասցեագրման համար։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհնար է: Հայաստանի Սահմանադրության նախաբանում ասվում է, որ այն հիմնված է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա: