Երևանում 57-ամյա տղամարդ է ձերբակալվել անչափահաս երեխաների առևանգման փորձի կասկածով

Նա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Երևանում 57-ամյա տղամարդ է ձերբակալվել անչափահաս երեխաների առևանգման կասկածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին»,– ասվում է հաղորդագրությունում։
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշենք, որ ավելի վաղ համացանցում տեղեկություններ էր տարածվել , թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ինչ-որ մեկը դպրոցների մոտ երեխաներին նստեցնում է ավտոմեքենան և առևանգում։
Ոստիկանությունից հայտնում են նաև, որ նշված բովանդակությամբ ահազանգ կամ հաղորդում չեն ստացել։