Երևանի քաղաքապետարանը ռազմարդյունաբերողին հոսանքի թույլտվություն չի տալիս. Խաչատրյան

ՔՊ–ական պատգամավորի խոսքով` այն խնդիրները, որոնք առնչվում են ռազմարդյունաբերությանը, պետք է շատ արագ լուծում ստանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռազամարդյունաբերողը դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեսզի եռաֆազ հոսանք ունենա` կարողությունը մեծացնելու և ձմեռը զենք արտադրելու համար, սակայն 3-4 ամիս է՝ այդ թույլտվությունը չի տրվում։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։
«Չգիտեմ` ինչ է պատճառաբանվում։ Որևէ պատճառաբանություն ռազմարդյունաբերության մեջ չպետք է լինի։ Այն խնդիրները, որոնք առնչվում են ռազմարդյունաբերությանը, պետք է շատ արագ լուծում ստանան, բյուրոկրատական քաշքշուկի մեջ չընկնեն։ Օրուգիշեր ամեն ինչ պետք է անել մեր ռազմարդյունաբերողների կողքը կանգնելու համար, դա մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկն է»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` ռազմարդյունաբերողների համար օրենքով սահմանված դեպքերում փակ դռներ, քաշքշուկներ պետք է չլինեն։
Նշենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է համապատասխան իրավական հիմքեր ստեղծել ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության և ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի, նշված ոլորտում իրենց գործունեության պատշաճ իրականացման համար։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ և լրացումներով կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները։ Դա հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով նոր ռազմական ապրանքը կամ գույք տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ ՀՀ պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար:
ԲՏԱ–ն 630 000 դոլար է հատկացրել ՏՏ ընկերությանը․ գումարը վերցրել են ՌԱՀ զարգացման ոլորտից