ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտա–Մոսկովյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փոփոխությունը լինելու է սեպտեմբերի 28-ից և դա արվելու է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
«Բաղրամյան պողոտա–Մոսկովյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» ուղղություններով: Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան էլ կապամոնտաժվի»,– ասված է հաղորդագրությունում։
Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա–Իսահակյան փողոց խաչմերուկում և Մաշտոց–Մոսկովյան խաչմերուկում հետիոտնային անցումները կհանվեն:
Մաշտոցի պողոտա–Մոսկովյան փողոց խաչմերուկում, Մաշտոցի պողոտայից դեպի Մոսկովյան փողոց երթևեկությունն այսուհետև կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Նշված խաչմերուկում նաև կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:
Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն, կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: