ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր բորսային շուկայի հայեցակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է, այն կընդունվի հոկտեմբերին, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մաքսիմ Երմոլովիչը:
«Մենք ակնկալում ենք, որ այն կհաստատվի Եվրասիական միջկառավարական խորհրդում մոտ ժամանակներս՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին», - ասել է նա ելույթ ունենալով Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա շրջանակներում կայացած նստաշրջանում:
Հայեցակարգի ընդունումից հետո կգործարկվի ընդհանուր բորսային շուկայի ձևավորման և ԵԱՏՄ երկրների ազատ բորսային առևտրի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների ստեղծման փուլը, հավելել է Երմոլովիչը:
Նա հստակեցրել է, որ այդ հայեցակարգի իրականացման համար մշակվել է հատուկ ծրագիր, կքննարկվի ընդհանուր գնային ինդիկատորների ձևավորման հարցը։
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսան, որը նույնպես մասնակցում է ԵԱՏՄ ընդհանուր բորսային շուկայի նախապատրաստմանը, հայտնել էր, որ ներկա պահին վիճելի է մնում էներգետիկ ապրանքները առևտրի ընդհանուր շուկայում ընդգրկելու հարցը: