ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Հայ պատանի բադմինտոնիստները 7 մեդալ են նվաճել Բաթումիում կայացած 11–13 տարեկանների Batumi Cup 2024 մրցաշարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիան։
Անիտա Արզումանյանը Իջևան քաղաքից արծաթե մեդալակիր է դարձել մինչև 13 տարեկանների աղջիկների մենախաղերում։
Աղջիկների զուգախաղերում Արզումանյանը Մալդիվների ներկայացուցչուհի Լաիբա Ահմեդ Մահմուդի հետ կրկին արծաթե մեդալ է նվաճել։
Անիտան երրորդ արծաթե մեդալը նվաճել է խառը զուգախաղերում` Մարկ Վարդանյանի հետ։
Եվս մեկ արծաթե մեդալ հայկական թիմին բերել են Լիլի Կիրակոսյանն ու Անի Էլոյանը`մինչև 11 տարեկանների աղջիկների զուգախաղում զույգը գրավեց 2-րդ տեղը։
Հայաստանի պատանեկան հավաքականի անդամներ Գոռ Կիրակոսյանն ու Լիլի Կիրակոսյանն էլ խառը զուգախաղերում նվաճել են բրոնզե մեդալ։
Անի Էլոյանը մինչև 11 տարեկանների աղջիկների մենախաղերում նույնպես բրոնզ է նվաճել։
Վերջին բրոնզը հավաքականին բերել է Գոռ Կիրակոսյան - Մենուա Սահակյան զույգը մինչև 11 տարեկանների տղաների զուգախաղերում։
Նշենք, որ Հայաստանի պատանեկան հավաքական թիմի (5 աղջիկ, 4 տղա) մարզիչն է Վարդիթեր Պողոսյանը։