Արարատ Միրզոյանը ցավակցել է լիբանանցի գործընկերոջը

Միրզոյանն ընդգծել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբին ցավակցել է Լիբանանի քաղաքացիների մահվան կապակցությամբ։ Այս մասին նա գրել է X–ի իր միկրոբլոգում։
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում իմ գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ անդրադարձել եմ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնել Լիբանանի քաղաքացիական բնակչության շրջանում վերջին զոհերի համար»,- գրել է Միրզոյան։
Նա նաև ընդգծել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Իսրայել-Լիբանան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։
Հարավային Լիբանանում վերջին օրերին ավելի քան 90 հազար մարդ է փախստական դարձել
Այս տարվա սեպտեմբերի 23–ին Իսրայելի բանակի գլխավոր շտաբը Լիբանանում սկսված հարձակողական գործողությունն անվանել է «Հյուսիսի նետեր»: Անցած շաբաթվանից Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են իրականացնում Լիբանանի տարբեր շրջաններում «Հզբոլլահ» շարժման օբյեկտների ուղղությամբ: Արձանագրվել են նաև մի քանի ճշգրիտ ավիահարվածներ Բեյրութի ուղղությամբ։
Իսրայելի հետ հակամարտության սրման պատճառով Լիբանանի հարավում ավելի քան 90 հազար մարդ արդեն ստիպված են եղել լքել իրենց տները, նշվում է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում:
«Հզբոլլահը» հրթիռակոծություններով պատասխանում է առավելապես Իսրայելի հյուսիսում, սակայն հրթիռային հարձակումների հեռահարությունը վերջին օրերին զգալիորեն ավելացել է: Ամեն օր տասնյակ համազարկեր են գրանցվում իսրայելական բնակավայրերի ուղղությամբ, որտեղ նաև բնակելի շենքեր են հայտնվում թիրախում։
Լիբանանում Իսրայելի ռմբակոծությունների զոհերի թիվը հասել է 558-ի, նրանց թվում 50 երեխա կա