ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Եթե արևմտյան երկրները հրաժարվում են ռուսական էժան էներգակիրներից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի լիագումար նիստում։
«Եթե մեր ավանդական հաճախորդները որոշել են հրաժարվել մեր համեմատաբար էժան էներգակիրներից և որոշել են անցնել ավելի թանկ ռեսուրսի, դե ինչ, դա նրանց ընտրությունն է, թող ապրեն այդ թանկ ռեսուրսով», - ասել է Պուտինը «Ռուսական էներգետիկ շաբաթվա» լիագումար նիստում:
Պուտինը ժամանակակից էներգետիկան անվանել է աշխարհի զարգացման իրական հիմք։ Նա նշել է, որ էներգետիկայի՝ թափանցիկ և հասկանալի կանոններով հանգիստ աշխատանքը, հանքավայրերի յուրացումը, ռեսուրսների վերամշակումը, ինչպես նաև շուկա անխափան մատակարարումները ամուր հիմք են ստեղծում տնտեսության աճի, սոցիալական ոլորտի, քաղաքացիների բարեկեցության բարձրացման համար:
«Ցավոք, այս պարզ ճշմարտությունը գնալով ավելի քիչ է հաշվի առնվում նրանց կողմից, ովքեր որդեգրել են ապօրինի պատժամիջոցների մեխանիզմները և կարծում են, թե կարող են դրանք իրենց համար շահավետորեն կիրառել նաև էներգետիկայի ոլորտում», - նշել է նա:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի էներգահամակարգն աշխարհում «ամենականաչներից» մեկն է, և որ երկրի կառավարությանը հանձնարարել է առաջիկա ամիսներին պատրաստել էներգետիկայի ոլորտի թարմացված ռազմավարություն։