Սերբիան նոյեմբերից օրական 1 մլն խմ գազ կստանա Ադրբեջանից

Սերբ նախարարն ընդգծել է, որ Սերբիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությունը ռազմավարական է դառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սերբիան նոյեմբերի 1-ից մինչև ջեռուցման սեզոնի ավարտը հույս ունի Ադրբեջանի հետ պայմանագրով 1 մլն խմ բնական գազ ստանալ օրական։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Սերբիայի էներգետիկայի նախարար Դուբրովկա Ջեդովիչ–Խանդանովիչը։
Սերբիայի էներգետիկայի նախարարը և նրա ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շահբազովն այսօր հուշագիր են ստորագրել կանաչ էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին, իսկ «Սրբիյագազի» և «SOCAR»–ի ղեկավարությունը համաձայնագիր` Ադրբեջանից գազի մատակարարման մասին։
Սերբիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ պատրաստ են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել
Ջեդովիչ–Խանդանովիչի խոսքով` 2023 թվականին Բաքվում ստորագրված հուշագիրը նախատեսում է մինչև 2026 թվականը տարեկան մինչև 400 մլն խմ գազի մատակարարում մինչև 1 մլրդ խմ ավելացման հնարավորությամբ։ Արդեն այս ձմեռ` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը, Սերբիան օրական 1մլն խմ գազ կստանա։
Նախարարն ընդգծել է նաև, որ Սերբիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությունը դառնում է ռազմավարական և նպաստում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերին հայտարարել էր, որ Ադրբեջանը նախատեսում է ավելացնել Սերբիա գազի մատակարարումները տարեկան մինչև 1 մլրդ խմ։
Սերբիայի իշխանությունները ժամանակավորապես արգելել են բնական գազի արտահանումը
Ավելի վաղ` փետրվարին, «Սրբիյագազ» ընկերության ղեկավար Դուշան Բայատովիչը հայտնել էր, որ Ադրբեջանից գազի ու Հունաստանից հեղուկ գազի մատակարարման համար նախատեսված, Բուլղարիայից Սերբիա տանող գազատարի հզորությունը տարեկան կարող է ավելացվել 1.8–ից մինչև 3.2 մլրդ խմ։