ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում բնականոն աշխատանքը կվերականգնվի սեպտեմբերի 27–ից։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 6–ին դպրոցում ցնցումներ են զգացել, որի արդյունքում եղել է տարհանում, իսկ ուսուցումը դադարեցվել է ու հաջորդ օրվանից դարձել հեռավար։ Դպրոցի աշխատակազմից նշում են, որ հարակից շինարարությունների պատճառով աղմուկ միշտ է եղել, բայց ցնցում առաջին անգամ էին զգում։
Կոստանյանը նշել է, որ այս ընթացքում մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։
«Արդյունքում պարզվել է, որ հարակից շենքի փոսորակում իրականացվող շինարարական աշխատանքները չեն կարող դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել»,– գրել է նա։
Նշենք, որ դպրոցի շենքը կառուցվել է 1961 թվականին, 1996 թվականից համարվում է երրորդ կարգի վթարային, բայց ժամանակին ամրակայման աշխատանքներ արվել են։