Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

Անտոնիո Գուտերեշը նշել է, որ պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին և տարածաշրջանում կայունության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ներկայիս ընթացքին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերը` ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման: Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: