ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է «Հզբոլլահի» հետ հրադադարի շուրջ բանակցությունների մասին լուրերը:
Գրասենյակում ասում են, որ Իսրայելի վարչապետը նույնիսկ չի արձագանքել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջարկներին, հրամայել է բանակին «գործել ամբողջ ուժով»:
Ընդ որում, ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Լիբանանում շիական «Հզբոլլահ» շարժման դեմ մինչև ՑԱԽԱԼ-ի հաղթանակը:
«Հյուսիսում հրադադար չի լինի։ Մենք կշարունակենք պայքարել «Հզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության դեմ ամբողջ ուժով, մինչև հաղթանակ և մինչև հյուսիսի բնակիչները կարողանան անվտանգ վերադառնալ իրենց տները»,-գրել է նա X սոցցանցում:
Ավելի վաղ New York Times-ը, վկայակոչելով պաշտոնյաներին, գրել էր, որ Իսրայելի և Լիբանանի սահմանին հրադադարի մասին ԱՄՆ-ի և նրա գործընկերների առաջարկը կարող է ընդունվել «առաջիկա ժամերին»:
Իսրայելական ավիացիան սեպտեմբերի 23-ի առավոտից սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավային և արևելյան բնակավայրերին: Հարվածի տակ են հայտնվել տասնյակ գյուղեր և մի շարք մարզային բնակավայրեր։ Մի քանի տասնյակ խաղաղ քաղաքացիներ վիրավորվել են։ «Հզբոլլահ» շարժման մարտիկներն իրենց հերթին տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ: Լիբանանի կառավարությունը ՄԱԿ-ին կոչ է արել միջամտել և դադարեցնել իսրայելական ագրեսիան: