ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. «ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկվող մատակարարման կազմակերպման և անցկացման կարգի մասին պայմանագիրը» կստորագրվի։ Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Պայմանագրի նախագիծը մշակվել է վերահսկվող օբյեկտների՝ միջպետական սահմաններով փոխադրման բնագավառում հանցավորությանն արդյունավետ հակազդելու նպատակով կողմերի փոխգործակցության կանոնակարգման և կիրառվող միջոցառումների համակարգման անհրաժեշտությամբ պայմանավորված»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ պայմանագրի հիմնական խնդիրը հանցագործությունների հայտնաբերումն է, կանխումը, կասեցումն ու բացահայտումը, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարին նպաստումը՝ համաձայն գործող միջազգային պայմանագրերի:
Նշենք նաև, որ 2023 թ. սեպտեմբերի 15–ին ԱՊՀ մասնակից–պետությունների ներքին գործերի նախարարների խորհուրդը համաձայնություն է տվել Տաջիկստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից մշակված «ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու
մարմինների կողմից միջազգային վերահսկվող մատակարարման կազմակերպման և անցկացման կարգի մասին» պայմանագրի նախագծին:
Տվյալ նախագիծը վերջնական քննարկվել և լրամշակվել է 2024 թ. մայիսի 23–ին` առցանց ձևաչափով կայացած ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների փորձագիտական խմբի կողմից: