ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելի և Լիբանանի իշխանությունները կարող են ընդունել ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների կողմից առաջարկված հրադադարի առաջարկը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Ավստրալիան, Կանադան և այլ երկրներ կոչ էին արել անհապաղ զինադադար հաստատել 21 օր ժամկետով: Նրանք կոչ էին արել հասնել դիվանագիտական կարգավորման, որը սահմանի երկու կողմերի քաղաքացիական անձանց թույլ կտա վերադառնալ իրենց տները: Կողմերը Իսրայելին և Լիբանանին կոչ էին արել անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատել՝ աջակցություն խոստանալով ճգնաժամը հանգուցալուծելու համար:
Իսրայելի և Լիբանանի սահմանին հրադադարի մասին ԱՄՆ-ի և նրա գործընկերների առաջարկը կարող է ընդունվել առաջիկա ժամերին, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով պաշտոնյաներին: Դիվանագետները բանակցություններ են անցկացրել երկու երկրների հետ։
Ինչ վերաբերում է «Հզբոլլահ» շարժմանը, ապա նրան պաշտոնապես չեն խնդրելու ընդունել առաջարկը, սակայն պաշտոնյաները հայտարարել են, որ եթե Լիբանանը համաձայնի հրադադարին, ապա իշխանությունները պետք է երաշխավորեն, որ շարժման մարտիկները 21 օր կպահեն այն:
Իսրայելական ավիացիան սեպտեմբերի 23–ի առավոտից սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավային և արևելյան բնակավայրերի ուղղությամբ: Հարվածի տակ են հայտնվել տասնյակ գյուղեր և մի շարք մարզային բնակավայրեր։ Մի քանի տասնյակ խաղաղ քաղաքացիներ վիրավորվել են։ «Հզբոլլահ» շարժման մարտիկներն իրենց հերթին տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ: Լիբանանի կառավարությունն արդեն կոչ է արել ՄԱԿ-ին միջամտել և դադարեցնել իսրայելական ագրեսիան: