ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ճշգրիտ հարվածներ է հասցնում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 23–ին Իսրայելի բանակի գլխավոր շտաբը Լիբանանում սկսված հարձակողական գործողությունն անվանել է «Հյուսիսի նետեր»: Անցած շաբաթվանից Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են իրականացնում Լիբանանի տարբեր շրջաններում «Հզբոլլահ» շարժման օբյեկտների ուղղությամբ: Արձանագրվել են նաև մի քանի ճշգրիտ ավիահարվածներ Բեյրութի ուղղությամբ։
Իսրայելի հետ հակամարտության սրման պատճառով Լիբանանի հարավում ավելի քան 90 հազար մարդ արդեն ստիպված են եղել լքել իրենց տները, նշվում է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում:
«Հզբոլլահը» հրթիռակոծություններով պատասխանում է առավելապես Իսրայելի հյուսիսում, սակայն հրթիռային հարձակումների հեռահարությունը վերջին օրերին զգալիորեն ավելացել է: Ամեն օր տասնյակ համազարկեր են գրանցվում իսրայելական բնակավայրերի ուղղությամբ, որտեղ նաև բնակելի շենքեր են հայտնվում թիրախում։