ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռներով հարձակվել է Իսրայելում՝ Հայֆայի արվարձանում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Այս մասին ասվում է շարժման հայտարարության մեջ։
Այսօր հրթիռային հարվածի է ենթարկվել նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Կիրյաթ-Մոցկին բնակավայրը։
Իսրայելական ավիացիան գիշերվանից սկսած վերսկսել է զանգվածային հարվածները Լիբանանի հարավում և արևելքում տասնյակ բնակավայրերի ուղղությամբ: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ միայն այս գիշեր զոհվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ։
Լիբանանի և Իսրայելի միջև հակամարտությունն ավելի է սրվել այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հուլիսի 30-ին հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք թաղամասում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով այն ամբողջությամբ ավերվեց: Զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը:
Իսրայել-Լիբանան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։