Բայդենը Պենտագոնին հանձնարարել է հատկացնել Կիևին գումարները մինչև իր ժամկետի ավարտը

Պենտագոնը նաև 2,4 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին հանձնարարել է Ուկրաինային ռազմական օգնության ծրագրերի շրջանակներում մնացած միջոցները հատկացնել մինչև իր լիազորությունների ավարտը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը։
Փաստաթղթի համաձայն՝ Պենտագոնին թույլատրվում է օգտվել 5,5 միլիարդ դոլարից՝ համաձայն PDA նախաձեռնության պայմանների, որի շրջանակներում Կիևը ռազմական գույք է ստանում գերատեսչության պահեստներից:
Նշվում է, որ նախարարությունը Ուկրաինային նաև 2,4 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի «Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության» շրջանակներում, որը թույլ է տալիս բաց շուկայից նոր զենք և զինամթերք գնել Ուկրաինայի Զինված ուժերի համար: Ըստ այդ ծրագրի պայմանների՝ Կիևը հակաօդային պաշտպանության միջոցներ, ԱԹՍ-ներ, արկեր կստանա։
Բացի այդ, Ջո Բայդենը Պենտագոնին հանձնարարել է ընդլայնել F-16 կործանիչների կառավարման համար ուկրաինացի օդաչուների ուսուցման ծրագիրը. 2025 թվականին Վաշինգտոնը մտադիր է լրացուցիչ 18 օդաչու պատրաստել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են ոչ միայն Ուկրաինային հեռահար սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, այլև փաստացի որոշում են կայացնում ուկրաինական հակամարտությանը ուղղակի մասնակցության մասին: Նա նշել էր, որ նման միջամտությունը կփոխի դրա բնույթը, և Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ ելնելով առաջացող սպառնալիքներից:
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները ՆԱՏՕ-ի երկրներին փաստացի ներքաշում են հակամարտության մեջ և առհասարակ «կրակի հետ խաղ» են։