Արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել

Նա նշել է, որ ոչ մի պաշտոն կամ աշխատանք իրեն չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իր ընկերներին ու գործընկերներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա այսօր գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմ` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ։ Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել, ու դեռ շատ անելիքներ կային»,– գրել է նա։
Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրեն ցուցաբերած մեծ վստահության համար։
Նախկին փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ չարացած մարդիկ իր վրա են հարձակվել քաղաքական երկու բեևեռներից ու «շահարկել են ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար»։ Նա հավելել է, որ ոչ մի պաշտոն կամ աշխատանք իրեն չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իր ընկերներին ու գործընկերներին։
Սիրվարդ Գևորգյանը արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել ընդամենը օրեր առաջ՝ սեպտեմբերի 5-ին։
Թեմային անդրադարձել է նաև արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում ափսոսանք է հայտնել, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:

«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները»,– գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ ՔՊ–ական որոշ պատգամավորներ ստորագրահավաք են սկսել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմում ներկայացնելու համար։
Մամուլում տարածվել էր տեղեկատվություն, թե դրա պատճառներից մեկն այն է, որ Գրիգոր Մինասյանը փոխնախարար է նշանակել Սիրվարդ Գևորգյանին, ով եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցին և նկար ունի, որտեղ նրա ձեռքում Քոչարյանի գիրքն է։