ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ–ի և АСЕАН–ի հետ համագործակցությունը Անկարայի համար տնտեսական նոր հնարավորություններ է բացում, սակայն չի նշանակում հրաժարում ՆԱՏՕ–ից։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Թուրքիան հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ–ին լիարժեք անդամակցելու համար։ Էրդողանը նաև ընդունել է Կազանում հոկտեմբերի 22-24–ն անցկացվելիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։
«ԲՐԻԿՍ–ին և АСЕАН–ին մեր մասնակցությունը կփոխի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն ու կօգնի ձևավորել համագործակցության նոր ճարտարապետություն։ Մենք չենք կարող անտեսել Եվրոպայի, Ամերիկայի, Միջին Ասիայի, Ռուսաստանի, Հեռավոր Արևելքի հետ մեր կապերը, ինչպես նաև արաբական աշխարհի, Պարսից ծոցի երկրների և Աֆրիկայի հետ խորը պատմական հարաբերությունները», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ ՆԱՏՕ–ին անդամակցելը Թուրքիային չի խանգարում կապ պահպանել թյուրքական և իսլամական աշխարհի հետ։
«ԲՐԻԿՍ–ին և АСЕАН–ին մասնակցելը քայլ է տնտեսական համագործակցության ընդլայնմանը, և այն ՆԱՏՕ–ին այլընտրանք չէ։ Մենք այդ դաշինքները չենք դիտարկում որպես փոխադարձ բացառող։ Սառը պատերազմի դարաշրջանը վաղուց անցել է, միջազգային համագործակցությունը պետք է բազմակողմանի լինի», – նշել է նա։
Նախագահը հիշեցրել է նաև, որ այն երկրները, որոնք Թուրքիային հորդորում են միջազգային այլ դաշինքների անդամ չդառնալ, այդ նրանք են, որոնք տարիներ շարունակ «արգելափակել են նրա միացումը ԵՄ–ին»։
«Մենք չենք կարող մեր ապագան կառուցել` կողմնորոշվելով նրանց դիրքորոշմամբ», – հավելել է Էրդողանը։
ԲՐԻԿՍ–ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ռուսաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է կառույցի նախագահությունը։ Տարին սկսվել է կազմակերպությանը նոր պետությունների անդամակցությամբ․բացի ՌԴ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից՝ ԲՐԻԿՍ-ի անդամ են դարձել նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահությունն ընթանում է արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիություն ամրապնդելու նշանաբանով: Իր նախագահության շրջանակում ՌԴ-ն նախատեսում է կազմակերպել ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառումներ: