Ընկերություն զավթելու փորձ չէ. Բաբկեն Թունյանը` ՀԷՑ–ի մասին

Էլեկտրական սյուն
Իշխող խմբակցության պատգամավորը նշեց, որ ՀԷՑ–ը բնական մենաշնորհ է, որն աշխատում է իր խաղի կանոններով, սակայն ակնհայտ է, որ այսօր ունենք մատակարարման խնդիրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Որևէ ընկերություն պետականացնելը ՀՀ կառավարության ծրագրի մեջ չի մտնում։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովում սեպտեմբերի 20–ին «էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում է անցկացվել։ ՀՀ–ում էլեկտրաէներգիայի` հաճախակի դարձած անջատումների պատճառը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը համարել էր ենթակառուցվածքի գերմաշվածությունը։ Այս քննարկումից հետո կարծիքներ հնչեցին, որ այսպիսով ՀՀ իշխանությունը ցանկանում է պետականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
«Այդ քննարկումը ներկայացնել որպես որևէ ընկերություն զավթելու փորձ, դա ճիշտ չէ։ Այ, եթե նման քննարկումներ չլինեն, կարելի է մեղադրել, որ առկա խնդիրներն աչքաթող են արվում։ Մենք շուկայական տնտեսություն ենք, մենք ձգտում ենք այնպես անել, որ ոլորտն աշխատի թափանցիկ ու մրցակցային միջավայրում»,– հայտարարեց Թունյանը։
Նա նշեց, որ ՀԷՑ–ը բնական մենաշնորհ է, որն աշխատում է իր խաղի կանոններով, սակայն ակնհայտ է, որ այսօր ունենք մատակարարման խնդիրներ` կան հաճախակի հոսանքի տատանումներ, անջատումներ, վթարներ։
«Ուղղակի մենք մի իրողության հետ պետք է համակերպվենք, որ համակարգը և ենթակառուցվածքները բավականին հնացած են։ Խնդիրն արմատապես լուծելու համար մեծածավալ ներդրումներ են պետք, որոնք էլ իրենց հերթին ենթադրում են սակագների բարձրացում։ Մինչդեռ վերջին 20-30 տարում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում տեղի չի ունեցել ու, ըստ այդմ, բավարար ներդրումներ էլ չեն կատարվել, սակայն համակարգի բարելավման ուղղությամբ քայլեր կատարվել են»,– վստահեցրեց պատգամավորը։
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ այս ամենով հանդերձ ներկա պահին սակագների բարձրացման հարց չի քննարկվում։
«Վերջին մեկ–երկու տարում մենք բավականին փոփոխություններ ենք արել, որ ՀԷՑ–ը կարողանա բավարար ներդրումներ անել համակարգի արդիականացման համար»,– տեղեկացրեց Թունյանը։
Ինչ վերաբերում է ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրներին, ապա նա ավելացրեց, որ «Վեոլա Ջրի» հետ ևս այս պահին կան քննարկումներ։ Պատգամավորը հիշեցրեց, որ օրինակ` ժամանակին ունեցել ենք 70–80 տոկոս ջրի կորուստ, այսինքն` աղբյուրից ջուրը դուրս է եկել, սակայն վերջնական սպառողին հասել է դրա ¼ կամ ⅕ մասը։ Այժմ այդ խնդիրները վերացված են։