Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԱԹՍ–ն բելգորոդյան խուտորում հարվածել է մեքենայի, վիրավոր կա. մարզպետ

Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ Շեբեկինո քաղաքում ԱԹՍ–ի ընկնելուն հաջորդել է առևտրի կետի կայանատեղիի պայթեցումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Բելգորոդի մարզի Վոլոկոնովսկի շրջանի Եկատերինովկա խուտորում ավտոմեքենայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Վոլոկոնովսկի շրջանի Եկատերինովկա խուտորում կամիկաձե ԱԹՍ–ն հարձակվել է «Գազելի» վրա։ Վարորդը վիրավորվել է։ Դեմքի, նախաբազկի և ազդրի բեկորային վնասվածքներով տուժածին շտապօգնության բրիգադը տեղափոխում է Վալույսկի կենտրոնական հիվանդանոց»,-հայտնել է Գլադկովն իր տելեգրամյան ալիքում:
Պաշտոնյան հավելել է, որ Շեբեկինո քաղաքում ԱԹՍ–ի ընկելուն հաջորդել է առևտրի կետի կայանատեղիի պայթեցումը, ինչի հետևանքով վնասվել է մերձակա բնակարաններից մեկի պատուհանը։ Բեկորներից նաև մարդատար ավտոմեքենա է վնասվել: Եվս մեկ ավտոմեքենա էլ վնասվել է արկի պայթյունի հետևանքով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։