Ծառուկյանին փոխկապակցված ծխախոտի գործարանը մի քանի հարյուր միլիոն դրամի հարկ է թաքցրել

Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 288.824.465 ՀՀ դրամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունը չի կատարել մի քանի հարյուր միլիոն դրամի հարկային պարտավորություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ հարուցված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը:
«Ուսումնասիրության են ենթարկվել ՍՊ ընկերության կողմից ՀՀ տարածք ներմուծված, ծխախոտի արտադրության մեջ կիրառվող ապրանքների տեսակները և քանակները, որոնք համադրվել են ընկերության կողմից արտադրված և իրացված ծխախոտի արտադրանքի քանակի հետ: Պարզվել է, որ նշված ՍՊ ընկերության կողմից ներմուծված հումքի արդյունքում ստացվող արտադրանքի և հայտարարագրված արտադրանքի իրացման քանակների մեջ առկա են էական շեղումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կատարված նախնական հաշվարկի համաձայն` ՍՊ ընկերության կողմից թերհայտարարագրվել է ծխախոտի մասով իրացման շրջանառությունը, որի արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ։
Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 288.824.465 ՀՀ դրամ։
Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ծխախոտի գործարանը փոխկապակցված է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի հետ և գործում է ՀՀ Կոտայքի մարզում։
Գործարանի տնօրենն ու գլխավոր հաշվապահը կալանավորված են։