ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ են մտել ցորենի արտահանման նոր, ավելի բարձր մաքսատուրքերը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ռուսական ԶԼՄ-ները, մաքսատուրքի նոր դրույքաչափը կկազմի մեկ տոննայի դիմաց 1 076,7 ռուբլի՝ նախկին 956,9 ռուբլու փոխարեն:
Նշենք, որ նոր դրույքաչափը կազմում է գնի մոտ 5%-ը։ Ոլորտի ռուսական պարբերականների փոխանցմամբ՝ ռուսական ցորենի արտահանման գները ներկայումս կազմում են մեկ տոննայի համար 215-220 դոլար։
Եգիպտացորենի մաքսատուրքը 446,3-ից իջեցվել է մինչև մեկ տոննայի դիմաց 292,7 ռուբլու, ինչը կազմում է ռուսական եգիպտացորենի արտահանման գների մոտավորապես 1,6%-ը (մոտ 190 դոլար՝ մեկ տոննայի համար):
Հավելենք, որ ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա նշված երկու տուրքերն էլ չեն տարածվում։ Նշված մշակաբույսերի կարիքների զգալի մասը հանրապետությունը ծածկում է ներմուծման հաշվին (որը գրեթե ամբողջությամբ բաժին է ընկնում Ռուսաստանին)։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: