ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը «մեկ Չինաստանի» սկզբունքին։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը ՉԺՀ կազմավորման 75-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանը միշտ աջակցել է «մեկ Չինաստանի» սկզբունքին։
«Այսօր Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորվել է ամուր քաղաքական վստահություն, իսկ փոխշահավետ համագործակցությունն արդյունք է տալիս, և ավանդական բարեկամությունը տարեցտարի ամրապնդվում է»,-ասել է նա:
Մին Չենի խոսքով՝ Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը բոլոր ուղղություններով:
«Մեկ Չինաստանի» սկզբունքը քաղաքական հայեցակարգ է, որը հաստատում է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ՉԺՀ-ի դիրքորոշման դիվանագիտական ճանաչումը, ըստ որի աշխարհում Չինաստան անվանումով միայն մեկ ինքնիշխան պետություն գոյություն ունի: Այս սկզբունքը քաղաքական հիմք և հիմնական նախապայման է Չինաստանի և այլ երկրների միջև հարաբերությունների հաստատման և զարգացման համար:
Վերջին տարիներին ԱՄՆ-ն փորձում է վերանայել «մեկ Չինաստանի» քաղաքականությունը։ Մասնավորապես, 2021 թվականին նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Թայվանը Չինաստանի հարձակման դեպքում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին 2022 թվականին հաստատել էր Ռուսաստանի հավատարմությունը «մեկ Չինաստանի» սկզբունքին և դատապարտել էր ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ Թայվանի փաստացի և իրավական ճանաչման փորձին ուղղված սադրանքները։