ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվան պահանջում է «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած պայթյունների միջազգային հետաքննությունն անցկացնել թափանցիկ՝ ռուս մասնագետների մասնակցությամբ: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Գերմանիայում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը։
Դիվանագետը նշել է, որ գազամուղերում իրականացված ահաբեկչությունների ընթացիկ հետաքննության օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը կասկած է հարուցում, ինչը հարցականի տակ է դնում Բեռլինի հավաստիացումների անկեղծությունը մեղավորներին արագ պարզելու և նրանց պատասխանատվության ենթարկելու ցանկության մասին:
«Ռուսաստանն այսուհետ ևս պնդելու է, որ միջազգային բաց հետաքննություն անցկացվի ռուս փորձագետների մասնակցությամբ։ Պետք է հասկանալ, որ այդ գործը չի կարելի կոծկել կամ աչքներիս թոզ փչելու համար մեղավոր «նշանակել»», - ասվում է Նեչաևի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ռուսական արտահանող «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազամուղերում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի իշխանությունները կարծում են, որ տեղի է ունեցել նպատակաուղղված դիվերսիա։
Nord Stream AG օպերատորը հայտարարել է, որ խողովակաշարերի ավերածություններն աննախադեպ են, և դրանց վերականգնման ժամկետներն անհնար է հասկանալ։
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը գործը հարուցել է միջազգային ահաբեկչության հատկանիշներով։ Ռուսական կողմը բազմիցս տեղեկատվություն է խնդրել հետաքննության վերաբերյալ, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այդպես էլ պատասխան չի ստացել։