Իսրայելի բանակը չի բացառում Լիբանանում ցամաքային գործողությունը

Իսրայելական բանակ. Արխիվային լուսանկար
Իրադրության վերջին սրացումները մեծացրել են ցամաքային գործողության հավանականությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է Լիբանանում գործողությունների իրականացմանբոլոր տարբերակներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իսրայելական բանակի արաբալեզու ներկայացուցիչ Ավիխայ Էդրին՝ պատասխանելով Լիբանանի տարածքում ցամաքային գործողություն իրականացնելու հավանականության մասին հարցին։
«Մենք պատրաստվում ենք բոլոր տարբերակներին, ներառյալ ցամաքային գործողությունը», - ասել է Էդրին:
Սեպտեմբերի 22-ին բրիտանական The Economist-ը հայտնել էր, որ իսրայելական ռազմական հրամանատարությունը Լիբանանի հյուսիսում նախապատրաստում է ցամաքային գործողություն, որը ենթադրում է տարածքների գրավում՝ բուֆերային գոտի ստեղծելու համար:
Իրանի կողմից աջակցվող «Հզբոլլահ» խմբավորման հետ դիմակայության պատճառով Իսրայելն ու Լիբանանը երկար ժամանակ լարվածության մեջ են: Նրանց միջև հակամարտությունը սրվել է 2006 թվականին, երբ սկսվել է լիբանանյան երկրորդ պատերազմը, որն առաջացել է իսրայելցի զինվորների առևանգման հետևանքով։ Թեև պատերազմը պաշտոնապես ավարտվեց սկսվելուց 34 օր անց, սակայն սահմանին լարվածությունը պահպանվում է։
Իրադրության վերջին սրացումները, ներառյալ սահմանային միջադեպերը, հրթիռակոծությունները և օդային տարածքի խախտումները, մեծացրել են ցամաքային գործողության հավանականությունը: