Բայդենը փոշմանել է. չեղարկվել է Իրակլի Կոբախիձեի հրավերն ընդունելությանը

ԱՄՆ առաջնորդի վարչակազմում պնդում են, որ որոշումն ընդունվել է վրացական կառավարության վերջին հայտարարություններից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակության` սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում կայանալիք ընդունելության հրավերը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Նշվում է, որ վարչապետի հրավերի չեղարկման հետ մեկտեղ վարչակազմը հրաժարվել է նաև վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումներից, այդ թվում՝ Կոբախիձեի հետ հանդիպումից: Հանդիպումից հրաժարվել է նաև Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
ԱՄՆ առաջնորդի աշխատակազմում պնդում են, որ որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության վերջին հայտարարություններից հետո, որոնք, ըստ ԱՄՆ գնահատականի, վարկաբեկում են ժողովրդավարության սկզբունքները։
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել էր ԱՄՆ այցից՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ կանչելու Վաշինգտոնի պահանջի պատճառով, որի քննարկման ֆոնին երկրում բողոքի ցույցեր էին սկսվել: Նույն ամսին «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հրաժարվեց հանդիպել Վրաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ: Օգոստոսին Իվանիշվիլին հրաժարվել էր կոնգրեսականների հետ հանդիպումից մի շարք պատճառներով, որոնք Վրաստանը պարզաբանել էր ամերիկյան կողմին: