Այն իրավիճակում, որը տիրում է հայ հասարակության շրջանում, ամենահետաքրքիրն այն է, որ դեռ ադեկվատ մնացած հայերի բղավոցներն ու ճիչերն այն մասին, որ իշխող քաղաքական ուժը երկիրը տանում է կործանման, սպասելի ազդեցություն չեն ունենում ՀՀ–ի ապամոնտաժման հակապետական ու ապակառուցողական քայլերի նկատմամբ լայն զանգվածների ակտիվ դիմադրության առումով։
Ինչո՞ւ։
Մի քանի վարկած կա։
Ոմանք դա անվանում են «ստոկհոլմյան համախտանիշ», ոմանք էլ` իշխանամետ քարոզչական կոնգլոմերատի կողմից ուղեղների տոտալ լվացում։
Մյուսներն էլ ասում են, թե իբր «մարդիկ հոգնել ու համակերպվել են»։
Կան նաև այնպիսիք, որոնք պնդում են, որ Հայաստանում բավական մեծ, ճյուղավորված աղանդավորական ցանց է գործում, որը ղեկավարում է ամեն բան, քանի որ Հայաստանում տարատեսակ աղանդների ցանցն ընկած մարդկանց թիվը բազմաթիվ տասնյակ հազարների է հասնում։
Բոլոր վարկածներն, անկասկած, այս կամ այն աստիճանի գոյության իրավունք ունեն։ Սակայն պետք է խոստովանել, որ իշխանամետ քարոզչության սպանիչ նարատիվները, որոնք համակարգված նետվում են շրջանառության մեջ, հոգեբանական տեսնակյունից տոկոսայի հարաբերությամբ հասարակության բավական մեծ մասի մոտ հակազդեցություն չի առաջացնում։
Իրականում գիտակցությունը հրաժարվում է ընկալել, որ մեր կողքին ապրում են, աշխատում, հանգստանում, ուտում, խմում, քնում են մարդիկ, որոնց համար Արցախի կորուստը, ազատ լինելու համար հայ ժողովրդի հազարամյա հերոսական պայքարը, մեր հազարավոր քույր և եղբայրների մահը, Հայաստանի պատմությունն ու մշակույթը ոչինչ չեն նշանակում, և ի վերջո, որոնց մոտ իսպառ բացակայում է ազգային արժանապատվության տարրական զգացումը։
Բայց չէ որ իրականում դա այդպես չէ։
Այսպես կոչված «անտարբեր» քաղաքացիների մեծ մասը հոգեբանական մշտական ճնշվածության պատճառով «մտավոր հոգնածության» վիճակում է գտնվում, և այդ ճնշումը 24/7 ռեժիմով առկա է հայկական հայտնի հեռուստահաղորդումների, սթրիմների ու հարցազրույցների հակահայկական տեղեկատվական հոսքերով եթերներում։
Այսինքն, արձանագրում ենք, որ Հայաստանի քաղաքացիները զուտ հոգեբանական մակարդակում մերժում են քաղաքական բնույթի ցանկացած բացասական տեղեկատվություն, և արդեն էական չէ, թե այդ տեղեկատվությունը գալիս է իշխանությունի՞ց, թե՞ ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող խոսնակներից։
Պետք է նշել նաև, որ հայկական տեղեկատվական դաշտում բավական սակավաթիվ (ՀՀ ողջ բնակչության ինչ-որ հարյուրերորդական տոկոս) մարդիկ կան, որոնք, ըստ էության, Հայաստանում խարխլող, հակահայկական գործունեություն են վարում։
Պարադոքս է, այնպես չէ՞։
Այդ մարդիկ քիչ են, բայց բավական պասիոնար են. նրանք ատում են հայկական ամեն բան, հատկապես` ինչ վերաբերում է Արցախին։ Նրանք խորապես թքած ունեն Հայաստանի վրա, քանի որ իրենք հանգիստ պատրաստ են ապրել «արևմտյան Ադրբեջանում»։ Այդ մարդիկ, ըստ էության, խորը հոգեբանական, իսկ երբեմն էլ նույնիակ հոգեկան խնդիրներ ունեն, ինչն այնուամենայնիվ, «թավշյա» քարոզչամեքենային չի խանգարում նրանց տրամադրել ամենաընթերցվող և հայտնի իշխանամետ մեդիահարթակները։
Բայց մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը այն ժողովուրդների թվում, որոնց շարքերում կան կամ եղել են նման մարդիկ։
Հիշեք պոլիցայներին Բելառուսում կամ Ուկրաինայում Հայրենական մեծ պատերազմի տարիներին։
Կամ հիշեք նույն տարիներին Վարշավայի գետտոյում հրեական «Յուդենրատ» ոստիկանությանը։ Ի վերջո հիշեք հայերին, որոնք Օսմանյան կայսրությունում կազմում էին հայ մտավորականության ցուցակը` 1915 թվականին նրանց ոչնչացնելու համար։
Բայց ևս մեկ անգամ կրկնեմ, նման մարդիկ բնակչության շատ փոքր մասն են կազմում։
Ինչ վերաբերում է նորմալ մարդկանց մեծ մասին, ես մի բավական տիպիկ պատմություն հիշեցի, որը ժամանակին նկարագրել է Անդրե Մորուան իր «Բաց նամակ երիտասարդին՝ ապրելու գիտության մասին։ Զրույցի արվեստը. աֆորիզմներ և մաքսիմներ» գրքում։
«Աշխարհում աներևակայելի խելագարություններ են տեղի ունենում։ Անգլիական թերթերում լռության համերգի մասին էր հաղորդվում, որը ժամանակին տվել էր մի անհայտ դաշնակահար։ Հնչեղ գովազդն արել էր իր գործը` համերգի օրը դահլիճը լեփ–լեցուն էր։ Լռության վիրտուոզը նստում է դաշնամուրի առաջ և նվագում, բայց քանի որ բոլոր ստեղները հանված են, որևէ ձայն չի հնչում։ Դահլիճում մարդիկ խեթ-խեթ նայում են միմյանց։ Յուրքանաչյուրը սպասում է, թե ինչ կանի հարևանը, արդյունքում ամբողջ լսարանը նստած է` շունչը պահած։ Քար լռության երկու ժամ անց համերգն ավարտվում է։ Դաշնակահարը կանգնում է և խոնարհվում։ Նրան բուռն ծափերով են ճանապարհում։ Հաջորդ օրը լռության վիրտուոզն այդ պատմությունը պատմում է հեռուստացույցով, և վերջում խոստովանում. «Ուզում էի հասկանալ, թե որքան հեռու կարող է գնալ մարդկային հիմարությունը. այն անսահման է»»։