Եթե Ադրբեջանն ուզում է այլընտրանքային գազ մեզ մատակարարել, ապա կարելի է քննարկել. Թունյան

Բաբկեն Թունյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Իշխող խմբակցության պատգամավորի համոզմամբ` Ադրբեջանից գազ գնելու դեպքում մենք կախվածություն չենք ունենա այդ երկրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Եթե Ադրբեջանն ուզում է այլընտրանքային գազ մեզ մատակարարել, ապա կարելի է քննարկել։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ չի բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել։
«Ադրբեջանից գազ կգնվի, թե ոչ, դա ավելի շատ հետագայի և տեսական հարց է, սակայն եթե ունենանք այնպիսի մի իրավիճակ, երբ կարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել նրա հետ, ու եթե մեզ որևէ ռեսուրս պետք է, մենք պետք է նայենք` ով է այդ ռեսուրսն ավելի էժան ու որակով, արագ մատակարարում։ Եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանը, ապա կարելի է քննարկել դա, եթե դա բխում է ՀՀ շահերից` իհարկե, միշտ պահելով դիվերսիֆիկացիան և այլընտրանքային աղբյուրները»,– հայտարարեց նա։
Արդյոք Ադրբեջանից գազի մատակարարումը մեզ կախվածության մեջ չի՞ գցի հարցին իշխող խմբակցության պատգամավորը պատասխանեց, որ դա լինում է այն դեպքում, երբ էներգառեսուրս գնում ես միայն մեկ աղբյուրից։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն գազ հիմնականում գնում է ՌԴ–ից հետո նաև Իրանից, իսկ 3–րդ ռեսուրսից գազ գնելը կմեծացնի մեր էներգետիկ անկախությունն ու անվտանգության մակարդակը։