Չինաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը ՀՀ առանցքային հարցերից է. Գրիգորյան

Երևանի գնահատմամբ՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր համագործակցությունը զարգացել է փոխադարձ հարգանքի և բարեկամության ոգով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Չինաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից է։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Չինաստանի դեսպանատանը ՉԺՀ հիմնադրման 75-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ:
Չինաստանից սկսել են ավելի հաճախ գալ Հայաստան. չինացի դիվանագետ
Նրա խոսքով՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր համագործակցությունը զարգացել է փոխադարձ հարգանքի և բարեկամության ոգով, ինչը նպաստել է ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:
«Մենք չափազանց կարևոր ենք համարում Չինաստանի հետ համագործակցության հետագա խորացումը», - նշել է Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես աջակցում է «մեկ Չինաստանի» սկզբունքին:
Փոխվարչապետը նաև ուշադրություն է հրավիրել առևտրի և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության բարձր մակարդակի վրա՝ կարևորելով Ուրումչիի և Երևանի միջև ուղիղ չվերթերի գործարկումը, ինչը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կհանդիսանա նշանակալի քայլ: